18/04/2022 16:27
Կրեմլից հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 19-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասվում է հաղորդագրությունում։
Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
«Քննարկվելու է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները», - ասվում է հաղորդագրության մեջ։