18/04/2022 20:48
Խաղաղություն պետք է լինի, բայց ոչ՝ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքով․ դրանց շուրջ անգամ բանակցություններ չեն կարող լինել․ Վանեցյան
Միանշանակ, մենք խաղաղությանը կողմ ենք։ Խաղաղություն պետք է լինի, բայց խաղաղություն չպետք է լինի Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքի շուրջ։ Դրանց շուրջ անգամ բանակցություններ չեն կարող լինել, Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ևս մեկ անգամ մանրամասնեց՝ ինչի մասին է ադրբեջանական 5 կետ-պահանջը։
«Արցախն ամբողջությամբ հանձնելու, հրաժարվելու ամեն ինչից, տալու, ըստ իշխանական թևի, Հայաստանի Հանրապետության տարածքում «ադրբեջանական անկալավները»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Չի՛ կարող խաղաղության նման պայմանագիր ստորագրվել», - ասաց Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ նորմալ իշխանություն ձևավորվելուց հետո բոլոր այդ հարցերը հնարավոր է դիվանագիտական ճանապարհով լուծել։