18/04/2022 20:33
Այս իշխանությունները շատ լավ հասկանում ու շոշափում են հանրության տրամադրությունները և վախեցած են․ Արթուր Վանեցյան
Իշխանությունները շատ լավ շոշափում են հանրային տրամադրությունները, հասկանում են, որ հանրությունն ընդվզում է ու վախեցած են, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Քաղաքական գործիչը ընդամենը մեկ փաստ ներկայացրեց՝ անդրադառնալով 44֊օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանի և Արթուր Ավագյանի հացադուլին, որի նպատակը, ինչպես ավելի վաղ հայտարարել է Նվեր Կիրակոսյանը, «երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը»։
«Մեզանիզ մի քիչ այն կողմ նստած են երկու երիտասարդներ, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Այդ տղաներին թույլ չեն տալիս՝ մի հովանոց գլխներին դնեն, որ պաշտպանվեն արևից, անձրևից։ Մեկ հովանոց՝ հացադուլ անող 25-26 տարեկան երիտաարդներին։ Այս իշխանությունները վախեցած են, այս իշխանությունները շատ լավ հասկանում են և շոշափում են հանրային տրամադրությունները։ Նրանք հասկանում են, որ այլևս չեն կարող լինել իշխանություն, կորցրել են արդեն իրենց իշխանությունը», - ասաց Արթուր Վանեցյանը։
Իշխանափոխություն իրականացնելը, նրա խոսքով, ընդամենը ժամանակի հարց է։
«Հստակ պլանը կա, ընդդիմությունը հստակ պլանն ունի։ Լինելու է ցանցային, ապակենտրոն պայքար, որը բերելու է իր արդյունքը», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։