18/04/2022 21:17
Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ ձեզ լավ ապրելու խոստում տալով․ գնացեք, բացեք ձեր սառնարանի դուռը, տեսեք՝ սկսել եք լա՞վ ապրել․ լավ ապրել սկսել են բացառապես ՔՊ-ական պաշտոնյաները․ Վանեցյան
Այս իշխանություններն ի սկզբանե խաբել են իրենց ընտրողին, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում, երբ արդեն Արցախի և Հայաստանի լինել-չլինելու հարցն է քննարկվում, երբեմն երկրորդ պլանում են հայտնվում հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ քննարկումները, այնինչ մարդկանց 90 տոկոսն սկսել է վատ ապրել, իսկ իշխանությունները ամեն քայլափոխի հավաստիացնում էին, որ էլեկտրաէներգիան ու գազը չի թանկանալու, տուգանքներն էլ չեղարկվելու են։
«Այս իշխանությունները եկել են իշխանության՝ խոստումով, որ էժանացնելու են հոսանքը, էժանացնելու են գազը, վերացնելու են տուգանքները։ Ամեն ինչ թանկացել է՝ սնունդից սկսած, վերջացրած կոմունալ ծախսերով։ Աշխատավարձերը չեն բարձրանում։
Հիմա մի պարզ հարց եմ ուզում տալ․ սիրելի՛ քաղաքացիներ, ո՞ր մեկդ է սկսել սրանց իշխանության գալուց հետո լավ ապրել։ Նայեք ձեր կողքը և տեսեք՝ բացառապես իշխանության մեջ գտնվողները։ Ուրիշ ոչ ոք լավ չի ապրում։ Բոլորի կենսամակարդակն իջել է։
Հարգելի՛ քաղաքացի, Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության՝ ձեզ լավ ապրելու խոստում տալով։ Հիմա գնացեք, բացեք ձեր սառնարանի դուռը, տեսեք՝ սկսել եք լա՞վ ապրել, թե՞ վատ ապրել։ Միանշանակ, համզոված եմ, որ 90 տոկոսն սկսել է վատ ապրել։ Ովքե՞ր են սկսել լավ ապրել՝ բացառապես ՔՊ-ական պաշտոնյաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։