18/04/2022 13:47
Այս իշխանությունների գործողությունները սահմանափակելու են ոչ միայն իրենց, այլ նաև՝ հաջորդ իշխանությունների բանակցային հնարավորությունները. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Այս իշխանությունը ջանքեր չի գործադրել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն առաջ մղելու և իր մոտեցումները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար։ Այս իշխանության գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մեջ է. խնդիրը դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու, բարեկամանալու միջոցով ուղղակի «կարգավորել» այն ամենն, ինչ այսօր առկա է, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Այն գաղափարախոսությունը, որ դրված է այս իշխանությունների մոտեցումներում, ոչ միայն կենսունակ չէ, այլ անխուսափելիորեն բերելու է ոչ միայն Արցախի, այլ ՀՀ-ի պետականության անկմանը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանության բարձրացրած սկզբունքներն էականորեն սահմանափակելու են ՀՀ-ի հնարավորությունները։
«Սահմանափակելու են ոչ միայն գործող իշխանությունների, այլ նաև՝ հաջորդ, եկող իշխանությունների բանակցային հնարավորությունները։ Այս փուլում, իջեցնելով նշաձողը և հայտարարելով, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, մենք փակում ենք բոլոր այն դռները, որոնք որևէ փուլում կարող են ապահովել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։