18/04/2022 13:40
Զենք ձեռք բերելու համար պարտադիր չէ լինել որսորդմիության անդամ. ՔՊ-ական պատգամավորը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։
Նախագծով սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:
Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
Հստակեցվում են զենքի տեսակները:
Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։
Զենքի Հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։
Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։