18/04/2022 11:23
Անհրաժեշտ է բռունցքվել` սկզբնավորելով Արցախյան շարժման նոր փուլի և հայրենիքի փրկության պայքարի սկիզբը. Կամո Աթայան
Այն ավերումները, որ վերջին 4 տարիների ընթացքում կատարվեց Հայաստանում և Արցախում, նույնիսկ արհեստավարժ քաղաքական գուշակները չէին կարող պատկերացնել...
Նրանք, ովքեր մեր անկախության առաջին տասնամյակները փորձում են ներկայացնել միայն վառ գույներով, սխալ են: Շատ կարճ պատասխանեմ՝ ինչու. եթե ՀՀ առաջին 3 իշխանությունները լավը լինեին, եթե ժողովուրդը նրանց ընդուներ, ապա 2018թ. իրադարձությունները պարզապես չէին լինի...
Ովքեր պնդում են, որ առաջին 3 իշխանությունները ոչ մի հաջողություն չեն ունեցել, այդպես մտածողները ևս սխալ են. մենք ունեինք մեր բազմադարյա պատմության մեջ եզակի ձեռքբերում՝ ի դեմս նորանկախ ՀՀ-ի և նորահայտ Արցախի Հանրապետության, որը բռնել էր ինքնորոշման ուղիով ճանաչվելու ճանապարհը՝ ունենալով ամուր թիկունք և անվտանգության վստահելի երաշխավոր՝ ի դեմս ՀՀ-ի և Սփյուռքի...
Նրանք, ովքեր պնդում են, որ նորընտիր յուրաքանչյուր իշխանության կողմից իր նախորդի կամ նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը ճիշտ էր, նրանք ևս սխալվում են: Եթե նման բան մեր իրականության մեջ կատարվեր, մենք զերծ կմնայինք այս ազգակործան, պետականաքանդ խունտայից...
Սխալները որպես հզոր գումարային ազդակներ ժողովրդի մոտ առաջացրին քաղաքական և մարդկային անվստահության այնպիսի իրավիճակ, որ հայ մարդն իր ապագան վստահեց կյանքում ծնվելուց բացի ուրիշ բան չարած տգետներից, պոպուլիստներից, մեծամիտներից ու դավաճաններից կազմված խմբավորմանը ու պատմական կարճ ժամանակահատվածում փոշիացրեց արյունով ձեռք բերածը, նաև ամենաթանկը` հազարավոր պայծառամիտ հայորդիների կյանքը, որոնց թափած արյան համար բոլորս ունենք պարտք և պատասխանատվություն...
Մոլորակի վրա ծավալվող աշխարհաքաղաքական խորացող թոհուբոհի պայմաններում մեր ժողովրդի միասնականությունը նրա փրկության առաջին ու հիմնական պայմանն է:
Եկել է կոնկրետ պայքարով, առանց քաղաքական հայացքների գովազդման՝ հանուն Հայրենիքի փրկության բռունցքվելու ժամը...