18/04/2022 11:34
Քայլը ծայրահեղ է, բայց հուսահատ չէ. հացադուլ՝ ի պաշտպանություն Արցախի
44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել:
«Քայլը գուցե ծայրահեղական է, բայց հուսահատ չենք: Խնդիր ունենք այսպիսով սթափության, արթնության կոչ անել մեր տարեկիցներին: Համացանցում մեծ-մեծ խոսելով, հայհոյելով որևէ հարցում չենք հաջողի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ավագյանը:
Պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանն ասում է՝ անհոգության առիթներ արդեն վաղուց երկրում չկան:
«Մեր խնդիրն էր համարժեք արձագանքել կատարվողին, ելակետ ընդունել ենք Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը: Մեզ համարում են անկախության սերունդ, բայց եթե չենք պայքարում անկախության համար, արժեքը չգիտենք, ուրեմն պարզապես անկախության տարիներին ծնված մարդիկ ենք», - նշեց նա։
Զրույցի պահին տղաներին աջակցություն հայտնելու եկավ 44-օրա պատերազմի մասնակից, Նվեր Կիրակոսյանի հրամանատարությամբ «Եղնիկներում» ծառայած Տիգրան Տիգրանյանը:
Տիգրանը կարևորում է հրամանատարի քայլը՝ հույս հայտնելով, որ հացադուլը կսթափեցնի ոչ միայն երիտասարդներին, այլ նաև հանրության բոլոր խմբերին: