19/04/2022 19:00
Ի՞նչ անկողին պետք է ընտրել՝ երեխայի առողջ քունն ապահովելու համար
Մեր օրերում երեխա պլանավորելիս, շատ ծնողներ սկսում են կարևորել անգամ ամենափոքր դետալներն ու ընտրել դրանք երեխայի սեռով պայմանավորված։ Հաճախ կարելի է նկատել, որ ծնողներն ընտրում են այնպիսի կահույք, որը ամիսներ հետո այլևս գործածելի չէ։ Ի՞նչ անել նմանատիպ դեպքերում, ինչպե՞ս ընտրել հարմարավետ մահճակալ և ինչի՞ վրա ուշադրություն դարձնել, մանրամասնում է քնի և ծնողավարման խորհրդատու-մասնագետ, «Բարի գիշեր, փոքրի՛կ» գրքի հեղինակ Աստղիկ Նադիրյանը։
Երեխայի անկողինն ընտրելը կախված է ծնողների ծնողավարման մոդելից և ֆինանսներից. կան տարբերակներ, որոնք հարմար են 0-6 ամսականի համար, երբ կողային մասը իջնում է և մահճակալը հեշտ տեղփոխվում է սենյակից սենյակ (օրինակ Co-Sleeper-ները), բայց դրանք արդեն նստող բալիկի համար դառնում են վտանգավոր այնքանով, որ ճաղերի հատվածը նրանց համար սկսում է ցածր լինել և կարող է երեխայի ընկնելու վտանգ առաջանալ։
Ամենաունիվերսալ տարբերակը փայտից մահճակալն է՝ չօրորվող մեխանիզմով։ Շատ երկրներում օրորվող մեխանիզմով մահճակալներն արգելված են, բայց կան օրորոցներ, որոնք նորածնային շրջանում կարող են թեթև օրոր ապահովել, իսկ հետո կարելի է կանգնեցնել մեխանիզմը հատուկ մեխերի միջոցով։ Ցանկալի է ընտրել նման տարբերակ, քանի որ մեծացող երեխայի համաար օրորվող մեխանիզմը բնավ անվտանգ չէ։
Աստղիկ Նադիրյանն առանձնահատուկ կերպով կարևորեց մահճակալի որակն ու ամրությունը, որը երեխայի ապահով քնի առաջնային գրավականն է։
«Պետք է ընտրել այնպիսի մահճակալ, որ լինի ամուր, երեխան չունենա ընկնելու հնարավորություն՝ լինի ներքնակի, թե կողային ճաղերի միջև, կամ փայտերի առանձնացման պատճառով։
Կարելի է կազմակերպել նաև անվտանգ համատեղ քուն, երբ երեխան քնում է ծնողների հետ նույն անկողնում. սա արդեն ծնողավարման մոդել է, և ինչպես առանձին քունը, այս տարբերակը ևս պիտի կազմակերպվի՝ ելնելով անվտանգության կանոններից։
Եթե ծնողները պլանավորում են համատեղ երկար քնել երեխայի հետ նույն անկողնում (ոչ թե Co-Sleeper -ի մեջ), ապա կարելի է ձեռք բերել մահճակալ, որի ներքնակը հնարավոր կլինի դնել հատակին, կամ օգտագործել ներքնակի տակ դրվող կողային ճաղանման հատվածներ, որպեսզի երեխան գիշերվա ընթացքում ընկնելու հնարավորություն չունենա»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։