19/04/2022 19:30
Ներաճած եղունգներ. ինչպե՞ս խուսափել խնդրից. խորհուրդներ՝ բժիշկ-պոդոլոգից
Կյանքի այս կամ այն փուլում եղունգների հետ կապված խնդիրներ ի հայտ են գալիս շատերի մոտ, մինչդեռ բժիշկ-պոդոլոգի մասին քչերը գիտեն. մասնագետ, ով եղունգների հետ կապված տարատեսակ խնդիրները կարող է լուծել պրոֆեսիոնալ կերպով՝ առանց հնարավոր բացասական հետևանքների:
Պոդոլոգիան, ընդհանուր առմամբ, զբաղվում է ոտնաթաթի և եղունգների խնդիրներով (եղունգի դեֆորմացիաներ, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ, կոշտուկներ, գորտնուկներ) բուժմամբ: Մասնագետների խոսքով՝ ժամանակակից մեթոդներ կիրառելու դեպքում ամենևին պարտադիր չէ եղունգը վիրահատական եղանակով հեռացնել. բուժումը հնարավոր է կազմակերպել առանց վիրահատական և հետվիրահատական հնարավոր բարդացումների:
Aysor.am-ի զրուցակիցն այսօր մաշկաբան-պոդոլոգ Լիլիա Սարգսյանն է։
Ի թիվս պոդոլոգիայի ոլորտում առկա նորարական մի շարք մեթոդների՝ մասնագետն առանձնացնում է օրտոնիքսիայի (ներաճած եղունգների շտկման ոչ վիրահատական եղանակներ) տարբեր տեսակները՝ տամպոններ, թիթեղներ և այլն։
«Պոդոլոգիան նորարական մեթոդ է, որն այժմ արագ տեմպերով զարգանում և վերելք է ապրում՝ թույլ տալով, որ պացիենտի եղունգը չհեռացվի։ Պոդոլոգիան ինքը դեմ է եղունգի հեռացմանը, որովհետև եղունգը վիրաբուժական մեթոդով հեռացնելուց հետո հարցը չի լուծվում. կրկին կարող է ներաճ լինել, քանի որ գոյություն ունի հյուսվածքային հիշողություն և դրան գումարած՝ նաև թմբիկները բարձրանում են. քանի որ եղունգը տեղում չի լինում, և թմբիկներին «հրող» ոչինչ չկա, դրանք բարձրանում և եղունգին հնարավորություն չեն տալիս նորմալ աճել»,- ասաց Լիլիա Սարգսյանը։
Բժշկի խոսքով՝ եղունգների ներաճը տարիքային սահմանափակում չունի և կարող է հանդիպել նորածնային տարիքից մինչև խոր ծերություն։
«Ընդ որում, ներաճած եղունգների խնդրով հավասարապես դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Եղունգի ներաճը բազմապատճառային երևույթ է՝ եղունգի սխալ կտրվածք, կոշիկի սխալ ընտրություն, թմբիկների սխալ ֆիզիոլոգիակա դիրք, ժառանգական նախատրամադրվածություն, ավելորդ քաշ, գերքրտնարտադրություն, օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ (անցումային շրջան, դիաբետ, կլիմաքաքս)»,- նշեց Լիլիա Սարգսյանը։
Վերջում բժիշկ-պոդոլոգը հորդորեց եղունգների հետ կապված խնդիրների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմել մասնագետի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։