19/04/2022 18:10
Սննդային թունավորում․ ախտանշաններն ու առաջին օգնությունը՝ տնային պայմաններում
Սննդային թունավորումը՝ մարսողության սուր խանգարումը, առաջանում է, երբ օրգանիզմ են ներթափանցում վնասակար միկրոօրգանիզմներ, բակտերիաներ։ Ամենատարածված պատճառը ոչ թարմ ու ոչ որակյալ, քիմիկատներով հագեցած մթերք, տնային պայմաններում ոչ ճիշտ պահածոյացված բանջարեղեն կամ, օրինակ, թունավոր սունկ, թունավոր բույսեր ու ժամկետանց դեղեր օգտագործելն է։
Սննդային թունավորումն ամենից հաճախ առաջանում է, եթե պատրաստվող սննդամթերքի մեջ ոսկեգույն ստաֆիլակոկ կամ աղիքային ցուպիկ է հայտնվում։ Դա կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, եթե ուտելիքը պատրաստելիս չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը։ Մարսողության խանգարման կամ թունավորման պատճառ է նաև ժամկետանց մթերքի գործածումը։
Թունավորման հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, թույլ կամ արագ սրտխփոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որովայնում ցավերը։
Մեծահասակների մոտ սննդային թունավորման ախտանշաններն ի հայտ են գալիս անորակ սննդամթերքն ուտելուց 4-6 ժամ, հազվադեպ՝ մեկ օր անց և արտահայտվում են փորլուծությամբ, սրտխառնոցով, գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով։ Կարող է նաև ավելանալ թքարտադրությունը, տեսողության խանգարումներ կարող են լինել՝ աչքերի առաջ մշուշ, երկտեսություն, ինչպես նաև կարող է արագանալ սրտի աշխատանքը։
Տնային պայմաններում պահածոյացված սննդամթերքից թունավորումները վտանգավոր են և կարող են պայմանավորված լինել clostridium botulinum բակտերիայի՝ բոտուլիզմի հարուցիչի բազմացմամբ։ Այդ բակտերիաները վտանգավոր թույն՝ բոտուլոտոքսին են արտադրում, որը ժամանակի ընթացքում կուտակվում է պահածոների մեջ։ Բոտուլոտքսինով թունավորվելու դեպքում կարող է ախտահարվել կենտրոնական նյարդային համակարգը, շնչառական մկանների պարեզ, երկտեսություն, կլման ակտի խանգարում լինել։ Ցավոք, քիչ չեն նաև բոտուլիզմից մահվան դեպքերը։
Քիմիկատներով թունավորվելու դեպքում ախտանշանները սովորաբար պայմանավորված են լինում նրանով, թե օրգանիզմ ներթափանցած նյութը տոքսիկ ինչ հատկություններ ունի։ Խանգարումները սովորաբար համակարգային բնույթի են լինում ու կարող են ախտահարել մի շարք կարևոր օրգաններ։ Կարող են նյարդային համակարգի խանգարումներ լինել՝ կոմա, սուր փսիխոզ, պարեզ, շնչառական օրգանների ֆունկցիաների խանգարումներ՝ բրոնխերի սպազմ, թոքի այտուց և այլն, սրտանոթային համակարգի խաթարումներ՝ սուր սրտային անբավարարություն, ինչպես նաև լյարդի, երիկամների անբավարարություն։
Մեծահասակների մոտ սննդային թունավորումը տնային պայմաններում կարելի բուժել միայն այն դեպքում, եթե այն թեթև բնույթի է, իսկ եթե հիվանդի մոտ սրտխառնոցն ու փորլուծությունը չի դադարում, ջերմությունը 38° -ից բարձր է, պետք է շտապ բուժօգնության ծառայություն զանգահարել։
Սննդային թունավորման ժամանակ տանը ցուցաբերված առաջին բուժօգնության շնորհիվ հնարավոր է լինում վերացնել կամ թեթևացնել հիմնական ախտանիշները՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը։
Սննդային թունավորման առաջին ախտանշանների դեպքում տնային պայմաններում պետք է ստամոքսի լվացում անել՝ սոդայի լուծույթի միջոցով․ մեկ լիտր եռացրած ջրին՝ մեկ թեյի գդալ սոդա հարաբերակցությամբ։ Կարելի է նաև կերակրի աղով թույլ լուծույթ պատրաստել՝ 5 լիտր ջրին՝ 2 ճաշի գդալ աղ հարաբերակցությամբ։
Լուծույթները պետք է տաք լինեն՝ մոտ 37°․ հարկավոր է 3-5 բաժակ լուծույթ խմել, ապա արհեստականորեն փսխում առաջացնել՝ երկու մատով սեղմելով լեզվարմատը։
Ստամոսքը լուծույթով լվանալ հարկավոր է այնքան ժամանակ, մինչև օրգանիզմից դուրս եկող հեղուկը մաքուր ու թափանցիկ դառնա։ Իսկ հետո հարկավոր է ակտիվացրած ածուխ խմել, որը կլանում է թունավորման պատճառ հանդիսացած վնասակար նյութերն ու բակտերիաները և կանխում դրանց ներթափանցումն արյան մեջ։
Օրգանիզմի ջրազրկում թույլ չտալու համար երկար ժամանակ շարունակվող փսխումներից կամ փորլուծությունից հետո հարկավոր է շատ հեղուկ խմել։
Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները՝ ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, սննդամթերքը լավ մշակել, լվանալ, ժամկետանց ու անորակ մթերք չօգտագործել։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդամթերքի հոտին ու համին, եթե կասկածներ են առաջանում, օրինակ, եթե մթերքը թեթևակի բորբոսնել է կամ նոր է սկսում բորբոսնել, դեն նետել այն, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ եռացնել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։