19/04/2022 16:22
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ։
Պաշտպանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Օրբելյանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, նույնիսկ առանց դատարանի թույլտվության։
«Իսկ իմ կարգապահական պատասխանատվության հարցը կարող եք քննարկել իմ ներկայությամբ։ Կարող եմ ձևական դուրս գալ և նորից մտնել դահլիճ, որպեսզի այդ հարցն իմ ներկայությամբ քննարկեք», - հայտարարեց Օրբելյանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց, պնդելով, որ դատարանն անցնի ապացույցների հետազոտմանը։ Դատախազի առարկությունից հետո դատավորը սահմանափակեց պաշտպանի արտահայտվելու ժամանակը՝ տրամադրելով ընդհամենը 5 րոպե։
«Ապացույց չի կարող հետազոտվել մի գործում, որտեղ ապացույց չկա», - ասաց Օրբելյանը՝ պատրաստվելով դուրս գալ նիստերի դահլիճից և հավելելով, որ կարգապահալան պատասխանատվության հարցը քննարկելիս մինչև վերջ հրապարակվի իր գրավոր դիրքորոշումը, որը պաշտպան Լուսինե Սահակյանի մոտ է։
Դատավորի հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք վերադառնալ դահլիճ, Օրբելյանը պատասխանեց․ «Եթե 17։00-ին նիստ լինի, կվերադառնամ»։ «Դատարանը թույլ չի տալիս մեղադրանքի պարզաբանման փուլ կոչվածն ավարտին հասցնել և որոշում է ապացույցներ հետազոտել։ Դատավարությունը չի կարող հասնել ապացույցների հետազոտման փուլ, քանի դեռ չի գործը նախապատրաստված չէ», - հայտարարեց պաշտպանը։
Ի վերջո պաշտպանը դուրս եկավ՝ խոստանալով վերադառնալ 16։30-ին, եթե նիստը կշարունակվի։ Դատավորը հայտարարեց, որ առանց Օրբելյանի նիստը չի կարող շարունակվել և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Օրբելյանի նկատմամբ դատական սանկցիայի հարցը քննարկելու՝ թույլ չտալով նույնիսկ հրապարակել պաշտպանի դիրքորոշումը։