19/04/2022 18:21
ՀՀ յուրաքանչյուր մտածող և գիտակից քաղաքացի անպայման պետք է պայքարի դուրս գա Ազատության հրապարակ. Քաղաքագետ
ՀՀ յուրաքանչյուր մտածող և գիտակից քաղաքացի անպայման պետք է պայքարի դուրս գա Ազատության հրապարակ, քանի որ այնտեղ մեկնարկած գործընթացը ոչ թե իշխանություն վերցնելու, այլ Հայաստանը չարիքից ձերբազատելու քայլ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ծայրահեղ ծանր իրավիճակում է, ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել։
«Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Հայաստանը տարածաշրջան խաղաղություն բերող երկիր է, ժողովրդավարության բաստիոն է, իսկ դրսում Հայաստանն ընկալվում է որպես կապիտուլյանտ երկիր՝ իր բոլոր հետևանքներով։ Նիկոլ Փաշինյանը պարտության, նսեմացման և կապիտուլյացիայի սիմվոլ է և պետք է պարտադիր հեռանա»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և նրա համախոհների՝ Ազատության հրապարակում մեկնարկած ակցիան պատեհ առիթ է՝ ՀՀ մտահոգ քաղաքացիներին դուրս բերելու փողոց՝ համազգային պայքարի։
«Բոլորը պետք է միանան ազգակործան իշխանությունների դեմ պայքարին՝ ստիպելու նրանց ի վերջո հրաժարական տալ։ Ես հույս ունեմ, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց էգոն և կմիանան Ազատության հրապարակում ծավալված նախաձեռնությանը։ Այլ տարբերակ չկա»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է ժողովուրդը, ժողովուրդն էլ պետք է նրան իշխանությունից հեռացնի։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր ժամը 19։00-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ։
«Չենք հանդուրժելու այն իրավիճակը, որն այսօր ունենք։ Եկեք Ազատության հրապարակ, միասին քայլենք Երևանի փողոցներում, փորձենք մարդկանց իրազեկել, թե ինչի համար ենք հավաքվել», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա։