19/04/2022 11:48
Եկել է պահը, որ վեր կանգնենք անձերից, կուսակցական դիրքորոշումից, որովհետև գործ ունենք բացարձակ արժեքի վտանգի հետ. Նվեր Կիրակոսյան (Տեսանյութ)
Ինքնազգացողությունը լավ է, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։ Տրամադրությունը նույնպես գերազանց է։ Երեկ մենք փաստացի կարողացանք ուշադրություն գրավել այս գործողությունների, գաղափարի վրա, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հացադուլի առաջին օրը, ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։
«Մենք ոչ թե անձեր ենք այստեղ, այլ մեր մտահոգության մարմնացումն ենք, այս իմաստով մեր անձերը որևէ մեկի անձի հետ խնդիր չունեն։ Եթե մարդիկ կգան, կկիսեն մեր մտահոգությունը, ապա մենք հաշտ ենք իր անձի հետ», - ասաց Նվեր Կիրակոսյանը։
Նա նշեց, թե չեն վախենում, որ իրենց կնույնականացնեն նստացույց իրականացնողների հետ:
«Կարող էինք գնալ և Մատենադարանում անել հացադուլը։ Բայց մենք հիմա այդ խիզախությունը վերցրել ենք մեր վրա, որպեսզի ժողովրդին ազդակ ուղարկենք՝ եկել է պահը, որ վեր կանգնենք անձերից, վեր կանգնենք կուսակցական դիրքորոշումից, որովհետև գործ ունենք բացարձակ արժեքի վտանգի հետ», - ասաց Նվեր Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ի վաղ առավոտից 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել: