19/04/2022 13:03
Թիկնապահներ 10 տարի ժամկետով, ավտոտրանսպորտ, կահավորված գրասենյակ, հատուկ կենսաթոշակ. ինչ է սպասվում պաշտոնաթող վարչապետին Հայաստանում
Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագծով սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով:
ԱԱԾ-ի ներկայացված նախագծով՝ պաշտոնաթող վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:
«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, իսկ գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով», - նշված է նախագծում։
Պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող վարչապետի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողներին օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
«Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է: Պաշտոնաթող վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը», - ասված է ԱԱԾ-ի ներկայացրած նախագծում։