19/04/2022 21:00
Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. համատեղ հայտարարություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
Համապատասխան կետերը տեղ են գտել Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։
Կողմերը նաև «պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը»։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ», ասվում է հայտարարության մեջ։