19/04/2022 12:08
Անկախության սերնդի բոլոր ներկայացուցիչներին հրավիրում ենք Ազատության հրապարակ. Հացադուլ իրականացնող երիտասարդներ (Տեսանյութ)
Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող երիտասարդները՝ պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, կոչով դիմում են անկախության սերնդին՝ գնալ հրապարակ, մասնակցել քննարկման։
«Մեր խնդիրը հասարակության երիտասարդական շերտի հետ է։ Մենք իրենց ենք դիմում, մեր հացադուլն իր խնդիրը կհամարի կատարված, եթե այստեղ հավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը մենք պատկերացնում ենք, այսինքն՝ անկախության սերնդի ներկայացուցիչները, ովքեր կիսում են և պատրաստ են այդ մտահոգությունների համատեքստում գործողություններ կատարել։
Բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, մեր ծառայակից ընկերներին, ՏՏ համայնքի ներկայացուցիչներին, մտավորականներին, արվեստի գործիչներին, ովքեր հանդիսանում են անկախության արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19։30-ից մինչև 21։00-ն հրավիրում ենք այստեղ հանրային քննարկման։
Թեման՝ անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում։ Այդտեղ մենք հասկանալու ենք՝ ունենք այդ սերունդը, այդ սերունդը մտահոգված է, թե ոչ», - հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ի վաղ առավոտից 44-օրյա պատերազմի մասնակիցներ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել: