19/04/2022 17:13
Բաքուն պատրաստ է Երևանի հետ սկսել «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, որոնց «շրջադարձային կետը» Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների ընդունումն է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններին, որոնց մեկնարկային կետը պետք է համարել ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել հանդիպումը։
«Գտնում եմ, որ պաշտոնապես մերկնարկային կետը դրվել է ապրիլի 6-ին՝ Բրյուսելում։ Այդ ժամանակվանից սկսած՝ մենք աշխատել ենք․ աշխատել է ԱԳ նախարարությունը, իմ աշխատակազմը կապի մեջ է գտնվել ձեր թիմի հետ, և, ինչպես պայմանավորվել ենք, մենք պատրաստ ենք սկսել»,- ասել է Ալիևը Կլաարին։
Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «շրջադարձային կետ» է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 5 «հիմնարար սկզբունքների» ընդունումը։
«Դա իսկապես շրջադարձային կետ է գործընթացում։ Երկու կողմերի պաշտոնական հայտարարություններից հետո մենք պետք է արդեն բանակցային սեղանի շուրջ ապացուցենք մեր մտադրությունների լրջությունը։ Բաքուն այս հարցում հույս է կապում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով արդեն իսկ խորապես ներգրավված է գործընթացում և լավ ծանոթ է դրան։ Կարծում եմ, որ դա հուսադրող միջավայր է ստեղծում բանակցությունների հաջող ընթացի համար»,- ասել է Ալիևը։
Իլհամ Ալիևի խոսքով՝ հայկական կողմից հստակեցում է պահանջվում նաև Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով, հաղորդակցություն ապահովելու հարցի շուրջ։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը հաջորդ տարի կավարտի դեպի Հայաստանի սահման ձգվող երկաթուղու կառուցումը, իսկ մինչև 2023 թվականի վերջը նախատեսում է ավարտել դեպի Հայաստանի սահման ձգվող ավտոմոբիլային մայրուղու շինարարությունը։
«Բաքուն Երևանից սպասում է այդ ճանապարհի՝ Հայաստանի տարածքի աշխարհագրական կոորդինատները»,- ասել է Ալիևը։