19/04/2022 22:10
«Դիվանագիտության միջոցով կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում նվազագույնն ապահովել․ պետք է ի մի բերենք մեր ամբողջ ներուժը»․ Ազատության հրապարակում է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
Ազատության հրապարակում է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով հրաժարական էր ներկայացրել 2021 թվականի մայիսի 27-ին՝ զորքերի հայելային հետքաշման մասին առաջին խոսակցությունից հետո։
Արա Այվազյանը զրուցում էր Ազատության հրապարակում պայքարի մեկնարկ հայտարարած Արթուր Վանեցյանի հետ, ապա պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է վարչապետ Նկոլ Փաշինյանը, հետաքրքրվեցին լրագրողները։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է մի քանի հայտարարություն՝ դեկտեմբերի 3-ին և ապիրիլի 13-ին, և դրանցում այն շեշտադրումները, որոնք նրանք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- ասաց նախկին արտգործնախարարը։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների մյուս հայտարարությունների առնչությամբ Արա Այվազյանն ասաց՝ չեմ կարող մեկնաբանել այսօրվա իշխանություններին։
«Ես արդեն մեկ տարի է, որ թողել եմ իմ պաշտոնը։ Իմ պաշտոնավարման ժամանակ մեր հռետորաբանությունը և թիրախավորումը այլ է եղել։ Այս մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, բայց եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը։ Երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջբոլորը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որը բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են»,- հավելեց նա։
Այվազյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում՝ շատ ավելի լայն առանցքում, քան Հայաստան-Ադրբեջանն է։
«Սա շատ ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ Այվազյանն ընդգծեց՝ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։
«Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը»,- ասաց նախկին արտգործնախարարը։