19/04/2022 17:00
Մենք հիմա մեր ինքնության ճգնաժամի մեջ ենք և այս հավաքով ձեզ հետ միասին հայի գոյաբանական նոր կոդեր ենք որոշելու. Խաչիկ Գալստյան
Թվում է, թե 2018-ին արցախյան շարժման մասին չկար քաղաքական օրակարգում, մտովի գնացեք 2018 թվական. հրապարակում արցախյան կարգախոսեր չկային, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ քննարկմանն ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
«Սոցիալական հենքի վրա գալիս ես իշխանության, բայց մտքում կոդավորված ունենալով արցախյան հարցն այս կործանարար ճանապարհով տանելու ներքին համոզում», - ասաց Խաչիկ Գալստյանը։
Ներկայացնելով վարչապետ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած տարբեր թեզերը, Գալստյանն ասաց, որ ժողովրդին պահել են թմբիրի մեջ։
«Եվ այդ ամենից հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը դե յուրե ներկայացնող որևիցե անձ թույլ է տալիս այնպիսի դատողություններ, որի համար նորմալ քաղաքակիրթ երկրներում մի փոքր բարոյականություն ունեցող քաղաքական գործիչը քաղաքական ինքնասպանություն կգործեր կամ էլ ցմահ դատապարտման կենթարկվեր», - ասաց Խաչիկ Գալստյանը։
Նա ասաց, թե հայ ժողովրդի ամենամեծ ռազմավարական մշակույթի թերություններից մնեկը հատվածականությունն է։
«Մենք հիմա մեր ինքնության ճգնաժամի մեջ ենք և այս հավաքով ձեզ հետ միասին հայի գոյաբանական նոր կոդեր ենք որոշելու» , - դիմելով երիտասարդներին՝ ասաց Գալստյանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ ասաց, թե պատրանքներն այն մասին, որ Ադրբեջանը փոխվել է կամ կփոխվի՝ պատրանքներ են, ոչ ավելին։
«Ուստի մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանի հետ իբր խաղաղության հասնելու հեռանկարը հավասարազոր է հայկական պետականության չգոյության», - ասաց Վարդան Ոսկանյանը։