19/04/2022 19:45
Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի գործողությունը շատ ողջունելի է. Թևան Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանը ողջունում է Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի գործողությունը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ պայքարին ամեն օր ավելի ու ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կմիանան։
«Մենք այս երկու օրվա ընթացքում տեսանք, որ միասնությունն առ Ազատության հրապարակ ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ անձի սատարելով է պայմանավորված, այլ հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի և Արցախի պաշտպանության ցանկությամբ։ Հենց սրա համար էլ պայքարի գործողությունը շատ ողջունելի է, և ուրախ կլինեմ, որ շատ ու շատ քաղաքական կուսակցություններ հետևեն այս գաղափարին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Թևան Պողոսյանի կարծիքով՝ այս փուլում այլևս պետք չէ օգտագործել «կուսակցություն» բառը՝ փոխարենն առաջնային դարձնելով հայ ազգի միավորման գաղափարը։
«Այսօրվա դրությամբ պետք է ձայն բարձրացնել գոյություն ունեցող խնդրի մասին։ Քաղաքացին պետք է գիտակցի, որ հայրենիքը վտանգի մեջ է և դուրս գա փողոց՝ իր ձայնը բարձրացնելու։
Միաժամանակ «փողոց դուրս գալ» և մյուս մանիպուլյատիվ ձևակերպումները շատ ժամանակ գալիս են իշխանությունից։ Խնդիրը զուտ փողոց դուրս գալը չէ. հարցն այն է, որ մարդու ձայնը լսվի։ Եթե ունենայինք իրական, արժեքային դաշտի վրա ձևավորված ժողովրդավարություն, ապա բոլոր բողոքի ձայներն իշխանությունները կլսեին և ինքնակամ հեռացած կլինեին։ Բայց քանի որ դա չի լինում, մարդիկ ստիպված պետք է դուրս գան փողոց և իրենց ձայնը բարձրացնեն, որպեսզի այն լսելի լինի»,- ասաց քաղաքագետը։
Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ դեռ 2020-ի նոյեմբերից ամենատարբեր շրջանակներ ՀՀ վարչապետին կոչ էին անում հրաժարական ներկայացնել՝ սկսած նախագահից, Սփյուռքից, վերջացրած ԲՈՒՀ-երով և Հայ առաքելական եկեղեցու սպաավորներով, սակայն՝ ապարդյուն։
«Այդքան մարդիկ խոսել էին, բայց լսելի եղե՞լ էին. ոչ, դրա համար էլ ստիպված փողոցում գործողություններ ծավալեցին։ Նույնն այսօր է։ Այսօրվա իշխանություններն արհամարհում են ՀՀ քաղաքացու ձայնը, նրա ձայնը լսելի չէ, և եթե քաղաքացին բողոք ունի, ստիպված է գնալ և միանալ մյուսներին՝ իր ձայնը լսելի դարձնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։