19/04/2022 18:01
«Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության խնդիրները, կապված նաև Լեռնային Ղարաբաղի հետ»․ Նովո Օգարևոյում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը
Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնոմ է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումն անցկացվում է Նովո Օգարևոյում։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու գործում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև անձամբ ՌԴ նախագահի դերակատարումը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։
Նա անդրադարձել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂ անվտանգությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման սկզբում ասել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկելու են անվտանգությանը վերաբերող խնդիրներ, իրավիճակն Արցախում։
«Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության խնդիրները, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Խնդիրները շատ են, համաձայն եմ Ձեզ հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։