19/04/2022 18:43
Բելառուսն ու Ռուսաստանը գազի գնագոյացման գործընթացում հրաժարվել են դոլարից և ամրագրել են ռուբլով հստակ սակագին, որը գործելու է մինչև տարեվերջ
Բելառուսն ու Ռուսաստանը գազի գնագոյացման գործընթացում ամբողջովին հրաժարվել են դոլարի փոխարժեքից և գազի ֆիքսված գին են սահմանել տարվա մնացած հատվածի համար, հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Յուրի Նազարովը։
«Գնագոյացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել Էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև, գնագոյացման մեխանիզմին առնչվող փոփոխություններ են արվել միջկառավարական երկու համաձայնագրերում․ մենք ամբողջությամբ հրաժարվել ենք դոլարից։ Բելառուսի սահմանին գազի հազար խորանարդ մետրի դիմաց սակագինն այսօր ամրագրվել է և գործելու է մինչև տարեվերջ»,- ասել է Նազարովը։
Բելառուսի փոխվարչապետը հավելել է, որ այսուհետև երկու երկրները համագործակցելու են Միութենական պետության շրջանակներում՝ անցյալ տարեվերջին ստորագրված ճանապարհային քարտեզներով. 2023 թվականի և հաջորդ տարիների գնագոյացման մեխանիզմը մշակվելու է Միութենական պետության շրջանակներում։
«Այսօր մենք ունենք ձեռնտու, հարմար, հասկանալի ու թափանցիկ պայմաններ»,- հավելել է Նազարովը։