20/04/2022 19:00
Առողջ ծերություն. ո՞ր սպորտաձևերից է պետք հրաժարվել վաղ տարիքում
Յուրաքանչյուր հասակում անհրաժեշտ է բնականոն կյանքի մի մաս դարձնել սպորտն ու առողջ ապրելակերպը։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս տարեցներին, հանուն իրենց առողջության, սահմանափակել ակտիվությունն ու հրաժարվել որոշակի սպորտաձևերից։
Aysor.am-ը ֆիթնես մարզիչ Գոհար Իգիթյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ի՞նչ սպորտաձևեր են հակացուցված ծերության ժամանակ և ի՞նչ այլընտրանքային տարբերակներով կարելի է բալանսավորել մարմնի աշխատանքը։
«Առհասարակ, սպորտը օգտակար է տարեցների համար։ Այնուամենայնիվ, արժե խորհրդակցել բժիշկների հետ, եթե առկա են արյան ճնշման բարձրացումներ, քանի որ տարեցները, սովորաբար, տառապում են հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և այլ ուղեկցվող խնդիրներով։ Այս ամենից զատ, հիշենք նաև, որ նույնիսկ սրտի կաթվածից հետո բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել ֆիզիկական աշխատանքով՝ իրենց անմիջական հսկողության ներքո՝ կազմելով ֆիզիկական ակտիվության անհատական ծրագիր», - մանրամասնեց ֆիթնես մարզիչը։
Իհարկե, առողջությունը չի կարող ուղղակիորեն կախված լինել սպորտից, քանի որ այն նաև գենետիկորեն է պայմանավորված, և նույնիսկ առանց սպորտով զբաղվելու էլ կարելի է ապրել մինչև հասուն ծերություն։ Սակայն ֆիզիկական վարժությունները մարզում ու ամրապնդում են սրտանոթային և շնչառական համակարգերը, օգնում են պահպանել և նույնիսկ բարելավել շարժունությունն ու տոկունությունը:
Տարեցները հաճախ են այցելում ֆիթնես ակումբներ, բայց պետք է նկատի ունենալ, որ քրոնիկ հիվանդությունների դեպքում ֆիթնեսը կարող է վնասակար լինել:
Տարեցներին հակացուցված են նաև այն սպորտաձևերը, որոնք ենթադրում են ոսկրային համակարգի ծանրաբեռնվածություն: Օրինակ՝ բասկետբոլը, վոլեյբոլը, թենիսը, կարող են պատճառ դառնալ կոտրվածքների, հատկապես, եթե նրանք տառապում են հոդերի շրջանում առկա, կամ ոսկրային համակարգի այլ հիվանդություններից:
Արագավազքը, բարձրությունից ցատկը, կամ հեռացատկը, ծանր կշիռներ բարձրացնելը նույնպես կարելի է դասել «վտանգավոր» սպորտաձևերի շարքին։ Դրանք կտրականապես հակացուցված են սրտային հիվանդություններ, ինչպես նաև շնչառական համակարգի խնդիրներ ունեցող տարեցներին։
Մարզիչի խորհուրդն է՝ վաղ հասակում լինել բժշկի վերահսկողության ներքո, օգտվել բուժական ֆիթնես ծրագրերից, փորձի միջոցով հասկանալ սպորտաձևի թողած դրական ազդեցությունն ու լինել առողջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։