20/04/2022 20:00
«Մեր երեխաները կլինեն ավելի լավը, քան մենք». հավակնոտ ծնողները ճնշում են երեխայի անհատականությունը
«Ես քո տարիքում այսպիսինն էի, արդեն այս-այն ձեռքբերումներն ունեի». ամբիցիոզ ծնողներին բնորոշ մտքեր են։ Այնինչ, հոգեբանները զգուշացնում են՝ երեխայի հանդեպ չափից շատ պահանջկոտությունը զրկում է երեխային երջանիկ մանկությունից։ Մշտական պահանջները, բարձր նշաձողերը բացասական հետևանքներ կարող են ունենալ երեխայի առողջության համար։
Հավակնոտ ծնողների սխալները՝
Չափից շատ քննադատություն
Տարածված կարծիք է, որ կայացած մարդու հաջողությունները պահանջկոտ, խիստ ծնողների շնորհիվ են։ Այսպիսի ընտանիքների երեխաները հասուն տարիքում էլ ծնողներին հաշվետու լինելու բարդույթով են ապրում, ենթագիտակցության մեջ ծնողների սիրուն արժանի լինելու մոտիվն է։ «Ամեն ինչ անել սիրելիների գնահատականին արժանանալու համար»-ը դառնում է մշտական ինքնաքննադատության պատճառ։
Սեփական ձգտումներն իրագործել երեխայի հաշվին
Ամբիցիոզ ծնողների համար հաճախ երեխան ընկալվում է «նախագիծ», որն անպայման պիտի հաջող լինի, այսպիսի ծնողների համար առավել կարևոր են ձեռքբերումները, քան երեխայի հոգեկան առողջությունը։
Ամբիցիոզ ծնողները վստահ են, որ չափից շատ պահանջկոտ լինելը երեխայի շահերից է բխում։ Միայն ծնողների հրահանգներով ապրող երեխաները ժամանակի հետ հրաժարվում են սեփական ցանկություններից, հետաքրքրություններից, անտեսում սեփական «ես»-ը։ Չկա «ուզում եմ»-ը, կան միայն «պետք է», «պատադիր է»-ն։ Անկախ երեխայի ցանկություններից, ունակություններից, ամեն գնով հասնել սահմանված հաջողություններին. ամբիցիոզ ծնողներին բնորոշ վարք է։ Այսպիսով՝ երեխան սիրված, կարևոր համարում է միայն հաջողություններ ունենալու դեպքում. եթե դրանք չկան, ինքնագնահատականի խնդիր է առաջանում, գերիշխող են դառնում անպետքության, անկարևորության զգացումները։ Ձևավորվում է ռեֆլեքս՝ պետք է ավելին անել, որ հաջողել։ Որպես կանոն հաջողության հասնելու դեպքում էլ այս երեխաները չգիտեն ինչպես վայելել. հաջողության հաճույքը կարճ ժամանակ հետո անցնում է։
Ամբիցիոզ ծնողների երեխաների դեպքում չկա դադարի ժամանակ, չկա զգացում՝ երբ է պետք կանգ առնել, թուլանալ։ Հանգիստը թվում է անկարևոր, անիմաստ, հոգնածությունը դառնում է քրոնիկ։
Նման ընտանիքներում երեխաները զրկվում են երջանիկ մանկությունից, որպես կանոն ունենում են քիչ թվով ընկերներ, չեն կարողանում ասել ոչ։ Կորցնում են իրականության, ներկայի զգացումը՝ ապրելով երևակայական իրականությունում՝ ապագայի համար. այդպես ողջ կյանքում։
Փոխվել հնարավոր է
Ծնողները պիտի գիտակցեն, որ չափից շատ պահանջկոտ լինելը վտանգավոր է։ Պետք է, նախ, սեփական ընկալումները փոխել։ Հիշել օրինակներ, երբ ծնողներն անձնազոհաբար ամեն բան արել են երեխայի համար, իսկ երեխան ճնշմանը չի դիմացել, ձախողել է։
Ծնողները պետք է պաշտպանեն երեխաների շահերը՝ խուսափելով «այդպես է պետք»-ից, ցանկացած հարցում կարևորելով ներքին մղումը։
Ծնողները պիտի թույլ տան երեխաներին երեխա մնալ, կարևոր է չծանրաբեռնել մեծահասակների ամբիցիաներով։ Երեխան չպիտի դառնա օլիմպիական չեմպիոն միայն այն պատճառով, որ այդպես ուզում են ծնողները։ Նման պահանջները դառնում են բեռ երեխայի համար, խաթարում հոգեկան առողջությունը, առաջացնում դեպրեսիաներ։
Երեխային աջակցելու համար նախ պետք է ընդունել երեխային այնպիսին՝ ինչպիսին կա, ճանաչել յուրահատկությունը և չհամեմատել այլ երեխաների հետ։ Համեմատությունները երեխայի մոտ առաջացնում են նյարդայնություն, ապատիա, բարկություն, այսպիսով երեխաները ներամփոփ են դառնում, դադարում են վստահել ծնողներին։
Որպեսզի երեխան նկատելի, զգալի հաջողություններ ունենա, կարևոր է ճանաչել երեխայի նախասիրությունները, ըստ այդմ ուղղորդել։ «Ես մեծ եմ, ամեն ինչ գիտեմ, ուրեմն ճիշտ եմ»-ը հարցի լուծում չէ, «ես արել եմ, դու էլ կանես»-ը նույնպես։ Չի կարելի երեխային զրկել արտահայտվելու, կարծիք ասելու հնարավորություններից։ Երեխային օգնելու, երեխայի դաստիարակությունում հաջողելու գրավականը երեխայի ցանկությունները, կարծիքները լսելն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։