20/04/2022 17:41
Իրական կռված տղերքը ազգի արժանապատվությունն են. Արթուր Մուսայելյանն աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին
Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատարի համագործակցության գծով օգնական Արթուր Մուսայելյանն աջակցում է ի պաշտպանություն Արցախի հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին:
«Տղերքն ինձ համար ուրիշ են, թանկ են, իրական կռված տղաներն ազգի արժանապատվությունը, պարծանքն են: Իրենց խոսքն առնվազն պիտի լսելի լինի։ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն ազգանվեր քայլ են անում՝ երիտասարդներին համախմբելու կարևոր նպատակով։ Երիտասարդությունը պիտի գիտակցի իր ուժը. վերածնունդ հնարավոր է միայն երիտասարդների էներգիայի, գաղափարների շնորհիվ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մուսայելյանը։
Նա հույս հայտնեց, որ Ազատության հրապարակ կգան պետականության ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիները։
«Անցել եմ 4 պատերազմի միջով, շրջափակման մեջ եմ եղել, դուրս եմ եկել, բայց երկրի շրջափակումը ազգին անելանելի վիճակի է հասցրել։ Խելամիտ որոշումների կարիք կա, կամային մարդիկ պիտի վճռական որոշումներով երկիրը դուրս բերեն շրջափակումից, Ազատության հրապարակում բոլոր շարժումները նույն նպատակին պիտի ծառայեն»,- ընդգծեց Արթուր Մուսայելյանը։
Նա նաև հորդորեց հաջորդ իշխանություններին անպայման լսելի դարձնել պատերազմի բովով անցած երիտասարդների ձայնը։