20/04/2022 17:50
Հայ-ռուսական համատեղ փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է ենթադրի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում. Քաղաքագետ
Իհարկե, դեռևս չի հանրայնացվել՝ ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, սակայն հրապարակված 30 կետանոց համատեղ հայտարարության տեքստում ձևակերպումները խիստ ընդհանուր են. այնտեղ որևէ խոսք չկա այն մասին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ենթադրի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի՝ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
«Քանի որ փաստաթղթում այդպիսի կետ չկա, չգիտեմ, թե ինչպես են պատկերացնում ԼՂ խնդրի կարգավորումը և չեմ էլ կարծում, որ դա ինչ-որ ընդհանուր փաստաթղթով է լինելու։
Իհարկե, հայկական կողմի համար ցանկալի կլիներ, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պնդումը ամրագրված լիներ փաստաթղթում։
Երկրորդ կետը, որը կարծում եմ՝ պետք է լիներ համատեղ ընդունված փաստաթղթում, այն է, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, հայ գերիները չեն վերադարձվել և այլն։ Այսինքն՝ 30 կետից բաղկացած այդ փաստաթղթում պետք է, օրինակ, այսպիսի ձևակերպում լիներ, որ Հայաստանը և Ռուսասատանը այսուհետ ևս ձգտելու են հասնել նրան, որ պայմանավորվածությունները մինչև վերջ կատարվեն։
Այլապես տպավորություն է, որ այդ պայմանավորվածությունները լավ էլ կատարվել են, և Հայաստանը դրա համար շնորհակալություն է հայտնում։ Իրականում այդպես չէ»,- նշեց քաղաքագետը։
Արմեն Բաղդասրայանը հավելեց, որ հայ-ռուսական համատեղ փաստաթղթում որևէ հստակություն չկա նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների կետերի շուրջ:
«Միակ նորությունը կարծես այն էր, որ եթե կողմերը պահանջեն, Ռուսաստանը կարող է խորհրդատվական մասնակցություն ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։ Այսինքն՝ հնարավոր է, որ նման բան ընդհանրապես չլինի, թեև, իմ կարծիքով, Ռուսաստանն անպայման պետք է մասնակցի այդ աշխատանքներին, որովհետև հակառակ դեպքում նորմալ աշխատանքային պայմաններ չեն լինի, ավելին՝ իրավիճակը կարող է ավելի լարվել»,- ասաց մեր զրուցակիցը։