20/04/2022 09:39
«Ժողովուրդ». Իշխանությունները ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում Վարչական պալատ ունենալու ծագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծագիրը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, Լիաննա Հակոբյանը և իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաև Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը և Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ:
Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձևավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կա՛մ Լիաննա Հակոբյանը, կա՛մ Արտակ Զեյնալյանը, քանի որ Քրիստինե Մկոյանը իշխանության ընտրյալ թեկնածուն է և իրենց հավատարիմ ներկայացուցիչը ապագա պալատում: Հակակոռուպցիոն և Վարչական պալատների կազմերի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որին կանդրադառնանք առաջիկայում»։