20/04/2022 19:55
Արցախի հարցը մոտակա տարիներին շարունակելու է առկախված մնալ. Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությունը որևէ բան չի փոխելու. Քաղաքագետ
Որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ 30 կետանոց հայ-ռուսական փաստաթղթով Արցախի հարցը լուծվի։ Որևէ նախադրյալ չեմ տեսնում նաև, որ Արցախի հարցը լուծվի այն խաղաղության օրակարգով, որն առաջ է մղում նաև Արևմուտքը և որի մասին խոսվել է Բրյուսելում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի՝ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
«Որքանով հասկանում եմ, Արցախի հարցը մոտակա ամիսներին, նույնիսկ տարիներին շարունակելու է առկախված վիճակում մնալ։ Այդ առումով Մոսկվայում երեկ ընդունված հայտարարությունն այստեղ որևէ բան չի փոխելու»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ համաձայնության գալու հատվածին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց.
«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո (ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը-խմբ.) այդ պրոցեսը, կարծում եմ, սկսելու է ավելի շատ արգելակվել, որովհետև կա երկու զուգահեռ պրոցես, որոնք, մեծ հաշվով, այսօր իրար հակասում են։
Այստեղ կա Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախում, և պարզ է, որ երկու կողմն էլ փորձելու են իրենց դիրքորոշումն առաջ մղել։ Բայց եթե խնդիրը դիտարկենք ընդհանուր համատեքստում, կարծում եմ՝ դա ավելի շատ խանգարելու է այս երկու պրոցեսին, քան օգուտ է տալու կամ հիմքեր է ստեղծելու, որ սահմանգծման և սահմանազատման գործընթացը հաջող առաջ ընթանա»,- ասաց մեր զրուցակիցը։