21/04/2022 19:00
Ինչ անել, երբ երեխաները վիճում են
Երեխաներին ինչ-որ փուլում բնորոշ է ագրեսիան, կծելը, հարվածելը։ Նման վարքը հաղորդակցման ձև է՝ հաճախ այս կամ այն հոգեվիճակի արտացոլանք։
Մեծանալու հետ երեխանեը սովորում են ագրեսիան կառավարել, այս կամ այն զգացումն արտահայտել ընկալելի, ընդունելի վարքով։ Երեխաների վարքի հարցում մեծ դեր ունի ընտանիքը։ Ֆիզիկական ուժը որպես դաստիարակության մեթոդ կիրառող ծնողները լավ օրինակ չեն ծառայում երեխաների համար. փոքրիկը սկսում է մտածել, որ ֆիզիկական ուժ կիրառելը լավ տարբերակ է դիմացինի վրա ազդեցություն գործելու համար. երեխաները սովորում են ընդօրինակմամբ։
Շատ կարևոր է նաև, որ ծնողները չհարվածեն երեխային ի պատասխան նրա ագրեսիվ վարքի՝ հասկացնելու համար, թե որքան ցավոտ կարող է լինել հարվածը։ Պատասխան ֆիզիկական հարվածը միայն շփոթեցնում է երեխային. մի դեպքում ծնողը երեխային ասում է, որ խփել չի կարելի, մյուս դեպքում հենց ինքն է հարվածում։
Հատկապես կոնֆլիկտային են քույր-եղբայր մանկական հարաբերությունները։ Հատկանշական է, որ երեխաներն առավել ագրեսիվ են հարազատ քրոջ կամ եղբոր հանդեպ, քան օտար երեխաների։
Վեճերի հիմնական պատճառը շահերի, հետաքրքրությունների բախումն է։ Այդպիսի իրավիճակներում մի երեխայի ցանկությունները կատարելը նեղացնում է մյուս երեխային. ինչը դրսևորվում է նյարդայնությամբ, նախանձի, վիրավորվածության զգացումներով։
Երբեմն սխալ չէ երեխաներին թույլ տալ միայնակ խնդիրները կարգավորել։ Վեճերն ինքնուրույն հարթելը խրախուսելի է, եթե ծնողներն այնուամենայնիվ հետամուտ են իրադարձությունների զարգացմանը։ Ինքնուրույնության մղելն օգտակար է, սովորեցնում է երեխային ապավինել սեփական ուժերին։
Հատկապես մինչև 5 տարեկան երեխաների ագրեսիվ վարքի դեպքում խիստ կարևոր է ծնողների ժամանակին միջամտելը։ Պետք է ամուր բռնել երխայի ձեռքը, խիստ տոնով նախատել։ Փոքր երեխաներին հանդարտեցնելու լավ տարբերակ է աթոռին նստեցնելը, որ որևէ բան չշեղի, իսկ ավելի մեծ երեխաներին՝ 2-3 րոպեով տարբեր սենյակներ ուղարկելը։ Սա չպիտի արվի որպես պատիժ, ծնողը պետք է բացատրի որոշումը որպես տարբերակ վեճը հարթելու, նյարդերը հանգստացնելու համար։ Կարևոր է հիշել՝ երկար զրույցները, բացատրություններն արդյունավետ չեն։
Վեճը հարթելու լավ տարբերակ է հետաձգված բացատրությունը։ «Հիմա դու չես շարունակի անել ինչ անում ես, հետո կբացատրեմ թե ինչու»։
Հետաքրքրությունն ու անորոշությունը դրդում են երեխային զիջել։
Պետք է լսել երկու կողմին էլ, հասկանալ՝ ինչ են ուզում, որն է խնդիրը։ Շատ կարևոր է՝ երեխան վստահ լինի, որ երբ կգա իր խոսելու ժամանակը, ծնողը ուշադիր լսելու է. չպետք է երեխաներից մեկի մոտ նախատրամադրվածություն առաջանա, թե ծնողը պաշտպանելու է ոչ իրեն։ Կարևոր է օգնել երեխաներին՝ արտահայտվել։ Հարցնել է պետք երեխաներին՝ ինչ անել, ինչպես հարթել վեճը։ Երեխաներն իրենք պետք է տարբերակներ առաջարկեն, իսկ ծնողն օգնի ընտրել ամենաընդունելին։ Չի կարելի երեխաների փոխարեն որոշումներ կայացնել, պետք է օգնել պայմանավորվածության հասնել և անպայման հետևողական լինել, որ պաայմանավորվածությունը չդրժվի։
Վեճերը կանխելու լավ տարբերակ են նաև դրական վարքը խրախուսելը (օրինակ, երբ երեխաները միասին խաղում են), պատմություններ պատմել սեփական մանկությունից, ներկայացնել ինչպես է հաջողվել հաղթահարել այս կամ այն իրավիճակը։
Կարևոր է երեխաներին սովորեցնել «կիսվել» (բաժանել մրգերը հավասար մասերի):
Խաղի ժամանակ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որ խաղալիքները հավսարապես օգտագործեն (նույն խաղալիքը մի քանի րոպե մի երեխան, մի քանի րոպե՝ մյուսը)։
Վեճերը նվազեցնելու համար կարևոր է արգելել դիտել բռնության, դաժանության տեսարաններով ֆիլմեր։ Ագրեսիայից, բացասական էներգիայից ազատվելու համար կարելի է խաղարկել իրավիճակը՝ երեխաներին առաջարկելով պատառոտել ոչ պիտանի թղթերը։ Այնուամենայնիվ, երեխաների ագրեսիվ վարքը, կոնֆիլկտները կանխելու ամենաարդյունավետ տարբերակը ընտանիքում, տանը ներդաշնակ, խաղաղ մթնոլորտ ապահովելն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։