21/04/2022 20:00
Երաժշտության ազդեցությունը ֆիզիկական և հոգեկան առողջության վրա. Մանրամասնում է հոգեբանը
Մարդը երաժշտությունն ընկալում է մի քանի գործոններով՝ հուզական վիճակ, անհատական հատկանիշներ, տրամադրության վրա ազդող գործոններ, ազգություն և այլն։ Յուրաքանչյուր ոճ տարբեր կերպ է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա։
Aysor.am-ի հետ զրույցում հոգեբան Ալլա Վարդանյանը անդրադարձավ երաժշտության ազդեցությանը տարբեր կողմերից։
«Տրամադրությունը կարող է սահմանվել որպես անձի շարունակական, մշտական հուզական վիճակ: Յուրաքանչյուր ոք իր փորձով գիտի, որ մեր գործողություններն ու քայլերը հաճախ կախված են լինում մեր իսկ տրամադրությունից: Հոգեբանական վիճակի վրա ազդում են՝ երաժշտության ծավալը, տեմպը, հաճախականությունները, տոնայնությունների բազմազանությունը, ինչպես նաև օժանդակ էֆեկտները»,- ասաց հոգեբանը։
Դասական երաժշտությունը ազդում է մարդու վրա՝ տալով կենսունակություն և տոկունություն։ Այն նվազեցնում է անհանգստությունը, դեպրեսիան և տագնապը, նպաստում գիտելիքների հեշտ յուրացմանը։ Դասականը բարելավում է նաև տեղեկատվության ընկալումն ու հիշողությունը։
Ռոքը, մետալը, ծանր երաժշտությունը մեծացնում են էմոցիաները՝ և՛ բացասական, և՛ դրական: Ռոքը էներգիա է հաղորդում, բայց կարող է խախտել ներքին հավասարակշռությունը և խաթարել բնական ռիթմերը։ Սա հատկապես նկատելի է 11-15 տարիքային խմբում։
Ռեգգին հիանալի տրամադրության երաժշտություն է, այն բարձրացնում է հուզականության աստիճանն ու տալիս դրական էմոցիաներ։
Լարային գործիքներով ստեղծված երաժշտությունը (ջութակ, կիթառ, տավիղ) դրական են ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
Հոգեբան Ալլա Վարդանյանը խոսեց նաև մարդու վրա երաժշտության բուժիչ ազդեցության մասին.
«20-րդ դարից սկսած երաժշտաթերապիան արագորեն օգտագործվեց և օգնեց է հիվանդներին բուժելու գործում։ Բժիշկները ուսումնասիրել են երաժշտության կարողությունը ցավը թեթևացնելու և մի շարք հիվանդություններ կանխելու գործոնը։ Ավելի տարածված է դարձել մեղեդիների օգտագործումը որպես անզգայացնող միջոց։ Այն ունակ է դրական ազդել հորմոնալ կարգավորման, շնչառության, արյան շրջանառության և սրտանոթային համակարգի վրա», - ասաց նա։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզվելիս երաժշտություն լսելը բարձրացնում է արդյունավետությունը 20%-ով, սակայն երաժշտության չափից արագ տեմպը կարող է վտանգավոր լինել՝ առաջացնել որովայնի ցավեր և գլխացավեր։
Ալլա Վարդանյանն իր խոսքում նշեց նաև, որ երաժշտությունը վաղուց օգտագործվում է մարքեթինգի մեջ: Որոշ մեղեդիներ կարող են պասիվացնել, կամ, ընդհակառակը, մեծացնել գնորդի ակտիվությունը։ Այս տեխնոլոգիային կարելի է հետևել սուպերմարկետներում. «պիկ ժամին» ակտիվ մոտիվներ են հնչում, մեկ այլ շրջանում՝ երաժշտությունն ավելի զուսպ է լինում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։