21/04/2022 14:35
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հորդանանցի պատգամավորներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:
Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները: