21/04/2022 09:43
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել։ Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ հենց Նարեկ Նալբանդյանից, սակայն թերթի ջանքերն անցել են ապարդյուն. վերջինս չի պատասխանել հետախոսազանգերին։
«Այս քրեական գործով հիմնական քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մասով:
ԱԱԾ-ն մեծ հաշվով վերահսկողություն է սահմանում քննիչների գործողությունների մասով՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են արել այս գործի շրջանակում։ Հավելենք, որ այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել: Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ, կներկայացնենք առաջիկայում», - գրել է թերթը: