21/04/2022 18:48
Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով հարաբերություններ կարգավորելուն. Ռուբեն Մելքոնյան
Երբեք դեմ չենք եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։ Հիմա այդ կեղծ հակաքարոզչությունը, թե իբրև մենք դեմ ենք հարաբերությունների հաստատմանը, ուղղակի չի համապատասխանում իրականությանը, Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով և թուրքական նախապայմաններով հարաբերություններ կարգավորելուն, որոնք ուղիղ առնչվում են մեր ազգային ու պետական ինքնությանը։
«Բայց բանալին, ինչպես ասում են, այստեղ է, որ Թուրքիան էլ երբեք համաձայն չի եղել այլ ոճով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել և հիմա էլ այդ նրա համոզումն ու մոտեցումը բացարձակապես չի փոխվել»,- նշեց թուրքագետը։
«Բայց հիմա հռետորական հարց տամ և ինքս էլ պատասխանեմ՝ արդյո՞ք այս ժամանակաշրջանը՝ պատերազմից հետո դիվանագիտական ամենավատ ստարտային պայմաններով, իշխանական ամենաթույլ թիմով, այսինքն ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, միջազգային ոչ բարենպաստ իրավիճակում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը ձեռնտու է հայկական պետականությանը։ Իհարկե, ոչ։ Հետևաբար, մենք ոչ թե այս պրոցեսը նախաձեռնել ենք Հայաստանում, այլ այս պրոցեսին մեզ տարել են, տանում են, քանի որ մեր դիմադրողականության վերջին նշույլները 2021 թվականի հունիսի 20-ին ոչնչացվել են գիտակցաբար։ Հետևաբար, հիմա Հայաստանի պատմության ընթացքում ամենավատ, ամենաոչբարենպաստ ժամանակահատվածն է դիվանագիտական, քաղաքական և այլ առումներով»,- ասաց Մելքոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ թեև խոսվում է թուրքական նախապայմանների բացակայության մասին, բայց Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայմանները շարունակում են մնալ օրակարգում ամենախիստ ոճով ու դրանք ավելանում են, կա ավելացման միտում։
Մասնագետը թվարկեց երեք հիմնական նախապայմանները՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում, Ցեղասպանության հարց և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում կամ Կարիս պայմանագրի ճանաչում։