21/04/2022 16:52
Չգծել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանը չի պատրաստվում որևէ զիջում անել, պարզապես նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը․ Արմեն Ռուստամյան
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հանրային քննարկումներ են կազմակերպվել, որոնց մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելու «պատճառներին»։
«Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ուղղակի ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության և օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են, որ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը անթաքույց հակահայկական ծրագրեր են իրականացնում, պահանջներ են դնում մեր առջև, դրանք պետք է արձագանքի արժանանան։
«Դրանց ադեկվատ չարձագանքելը, չգծելն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանը չի պատրաստվում որևէ զիջում անցկացնել, ուղղակի նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։
Ապօրինի արգելափակելով, խոչընդոտելով լսումները՝ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մեր բոլոր մտահոգությունները, որ այս իշխանություններն իրենց քայլերով, ըստ էության, եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ևս մեկ անգամ է արձանագրվում»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը նաև հայտարարեց՝ այս քայլով լսումներն ընդհանրապես չեղարկել չի հաջողվի, դրանք կկայանան ավելի ուշ։