21/04/2022 09:35
«Հրապարակ». Իշխանությունը «տեխնիկական խնդիրների» պատճառաբանությամբ մերժել է ընդդիմությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման» ժամանակ:
Ֆորմալ առումով լսումները չեղարկելու պատճառը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է, որն անցկացվելու է ԱԺ-ում՝ ապրիլի 22-ին։ Մինչդեռ ընդդիմադիրները դեռևս մի քանի օր առաջ էին դիմել ապրիլի 21-ին լսումներ անցկացնելու համար, և ԱԺ-ն հավանություն էր տվել, անգամ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել։ Դրանք, ըստ էության, մեկը մյուսին չէին խանգարելու։ Պարզ է, որ իշխանություններին ընդամենը պատրվակ էր պետք, որ մինչև ապրիլի 24-ը թույլ չտան նման քննարկում՝ ցեղասպանության թեմայով: Ակնհայտ է՝ մտահոգություն ունեն, որ լսումները կշիկացնեն մթնոլորտը, և ընդդիմադիրները կոչեր կհնչեցնեն` ապրիլի 23-24-ի ակցիաներին ընդառաջ»։