21/04/2022 09:45
«Հրապարակ». Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը և հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով և գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր։
Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ կամ գոնե աջակցող հայտարարություններ, հարցազրույցներ չի տալիս. երեկ մեր լրագրողը հարցրել է արցախցի պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Այսինքն՝ Արցախից պետք է հավաքվեն գան Ազատության հրապարա՞կ», - հարցին հարցով է պատասխանել պատգամավորը: Գոնե աջակցության մասին հայտարարեն, ուղերձներ հղեն։
«Այդ ուղերձները հղվել են ամենաբարձր մակարդակով, ԱԺ մակարդակում և այլն։ Իսկ Արցախում ժողովուրդը կանգնած է իր հողի վրա և փորձում է դժվարությունները հաղթահարել, պահել իր հողը, բնականաբար՝ կանգնած է իր շահերը պաշտպանող ուժերի կողքին։ Ինչ է՝ ամեն օր պիտի հայտարարությո՞ւն տարածենք, մենք այդ ուժերի հետ մշտապես հանդիպումներ ենք ունենում, այդ գործիչներն էլ գիտեն, որ մենք իրենց կողքին ենք», - ասել է Բալայանը՝ երևանաբնակ արցախցիներին կոչ անելով մասնակցել հանուն Արցախի իրականացվող ակցիաներին։
Ի դեպ, այս օրերին Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ են անցել և անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»։