21/04/2022 09:47
«Փաստ». Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այս կառույցում ավելի շատ գերակշռում է շոուն, քան կոնկրետ գործը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»:
Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին տեսակետը գերիշխում է նաև ՊԵԿ-ում: Այստեղ խոսում են, որ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այս կառույցում ավելի շատ գերակշռում է շոուն, ցուցադրականությունը, քան կոնկրետ գործը, ինչից դժգոհ են համակարգի փորձառու, նվիրյալ, պրոֆեսիոնալ կադրերը»։