22/04/2022 13:40
Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա մենք չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի նախագահ
Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ։
«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք նման քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում ընթացող Աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
Նա նշել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրների նկատմամբ։
«Չնայած պատերազմի ավարտին՝ Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել, բայց ես վստահ եմ, որ նրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և համաշխարհային հայերի տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի», - ասել է Ալիևը։