22/04/2022 12:48
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. Ինչպես ախտորոշել և բուժել, ինչ դեղեր են կիրառվում
Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։
Այս հրապարակման մեջ կխոսենք Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի ախտորոշման և բուժման մասին։
Ի՞նչ լաբորատոր թեստեր են հարկավոր
Ախտորոշման պահին անհրաժեշտ են որոշակի լաբորատոր թեստեր, հոդերի հետազոտում, աչքերի ստուգում, որպեսզի տարբերակել ՅԻԱ֊ի տեսակը, հայտնաբերել բարդություններ առաջացնելու հավանականություն ունեցող հիվանդներին (ինչպիսին է խրոնիկ իրիդոցիկլիտը): Կարևոր հետազոտություններից են․
- Ռևմատոիդ գործոնի առկայության կամ բացակայության թեստը, որը հանդիսանում է աուտոհակամարմիններ (սեփական օրգանիզմի դեմ ուղղված հակամարմիններ) հայտնաբերող լաբորատոր թեստ։ Դրական արդյունքը և բարձր խտությամբ առկայությունը մատնանշում է ՅԻԱ ենթատիպը:
- Հակակորիզային հակամարմինների թեստը (ANA), որը հաճախ դրական է վաղ սկզբով ՅԻԱ օլիգոարթրիտի դեպքում: ՅԻԱ հիվանդների այս խմբում բարձր է խրոնիկական իրիդոցիկլիտի առաջացման ռիսկը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր կերպով (3 ամիսը 1 անգամ) հետազոտել աչքերը ճեղքող լամպով:
- HLA-B27 բջջային մարկերի հայտնաբերման թեստը, որը դրական է էնթեզիտ համակցված արթրիտով հիվանդների մինչև 80%֊ի մոտ: Առողջ անհատների մոտ այն դրական է 5-8% դեպքերում:
- Այլ լաբորատոր ցուցանիշներ, ինչպիսիք են էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ) կամ C ռեակտիվ սպիտակուցը (CRP), օգտակար են բորբոքային ակտիվության աստիճանը որոշելու համար։
Ինչևէ, ախտորոշելը, ինչպես նաև բուժում նշանակելը մեծամասամբ հիմնված է առավելապես կլինիկական նշանների վրա, քան լաբորատոր ցուցանիշների։ Բուժումից կախված՝ հիվանդը հնարավոր է կարիք ունենա պարբերական լաբորատոր քննությունների (օրինակ արյան ընդհանուր քննություն, լյարդի ֆունկցիոնալ թեստեր, մեզի 1 / 16 քննություն)՝ բուժման կողմնակի ազդեցությունները հսկելու և դեղերի հնարավոր տոքսիկության աստիճանը որոշելու համար, ինչը կարող է լինել անախտանշան։
Հոդի բորբոքումը գնահատվում է հիմնականում կլինիկական զննման միջոցով և երբեմն վիզուալիզացնող միջոցներով, ինչպիսին է ուլտրաձայնային հետազոտությունը։ Պարբերական ռենտգեն քննությունները կամ մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիան՝ ՄՌՏ, թույլ են տալիս գնահատել ոսկրային կառուցվածքի վիճակը և ոսկրերի աճը, հետևաբար նաև շտկել բուժումը։
Ինչպե՞ս կարող ենք մենք այն բուժել
Արթրիտի բոլոր տեսակների դեպքում բուժման նպատակն է ցավի, հոգնածության և կարկամության թեթևացումը, հոդերի և ոսկրերի վնասման կանխարգելումը, դեֆորմացիաների առաջացման նվազեցումը և շարժունակության բարելավումը՝ պահպանելով աճը և զարգացումը։
Վերջին տասը տարիների ընթացքում ՅԻԱ-ի բուժման մեջ կա հսկայական առաջընթաց՝ պայմանավորված դեղերով, որոնք հայտնի են որպես կենսաբանական ագենտներ։ Ինչևէ, որոշ երեխաներ կարող են լինել "բուժմանը ռեզիստենտ", ինչը նշանակում է, որ, չնայած բուժմանը, հիվանդությունը մնում է ակտիվ, և հոդերի բորբոքումը չի վերանում։ Կան որոշակի ուղեցույցներ բուժման պլանավորման համար, չնայած բուժումը յուրաքանչյուր երեխայի համար պետք է լինի անհատական։ Շատ կարևոր է ծնողների մասնակցությունը բուժման որոշման հարցում։ Բուժումը գլխավորապես հիմնվում է այն դեղերի ընդունման վրա, որոնք ճնշում են համակարգային և/կամ հոդային բորբոքումը, և վերականգնողական միջոցառումների վրա, որոնք պահպանում են հոդերի ֆունկցիան և օգնում են կանխել դեֆորմացիաների առաջացումը: Բուժումը բազմակողմանի է և պահանջում է տարբեր մասնագետների (մանկական ռևմատոլոգ, օրթոպեդ-վիրաբույժ, ֆիզիկական և զբաղմունքային թերապիստ, ակնաբույժ) համագործակցություն։
Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։