22/04/2022 18:10
Այն ամենն, ինչ պետք է պարունակի տնային դեղատուփը
Շատերն իրենց տանն ունեն դեղատուփ, որտեղ պահվում են ամենաանհրաժեշտ և գործածական դեղերն ու բժշկական պարագաները։
Aysor.am-ն առանձնացրել է այն կարևոր միջոցների շարքը, որի առկայությունը տնային դեղատուփում ոչ միայն ցանկալի, այլև խիստ անհրաժեշտ է։
Դեղատուփի մեջ պետք է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ, կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նույնպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես արյունահոսություն կանգնեցնող սեղմիչ։
Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև.
ստերիլ և ոչ ստերիլ բամբակը
սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը
կաթոցիչը
քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակները
ջերմաչափը
Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը:
Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթն օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Խիտ լուծույթով կարելի է մշակել խիստ ախտահարված վերքերը:
Շատ կարևոր միջոցներ են ջեռակը, սառույցի պարկը, ջուր չներծծող տակդիրը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, միանգամյա օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։
Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուրը կարող է ավելացնել իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններին։
Դեղատուփն անհրաժեշտ է պահել չոր վայրում, հետևել դեղերի արտադրման ժամկետներին՝ ժամանակ առ ժամանակ թարմացնելով պարունակությունն ու, որ ամենակարևորն է, պահել երեխաներին անհասանելի տեղում։
Այսպիսի բժշկական արկղիկ տանն ունենալը պետք է դառնա կարևոր սովորություն անցանկալի իրավիճակներից խուսափելու և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։