22/04/2022 19:30
Վահանագեղձի խնդրի մասին վկայող ախտանշաններն ու դրա կարգավորմանն ուղղված միջոցները
Վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրության համար, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակության գործընթացները, ուստի վահանագեղձի աշխատանքի խանգարումը խիստ բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի և ինքնազգացողության վրա:
Երբեմն վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներն ախտորոշելը բավականին դժվար է լինում, քանի որ հաճախ մարդիկ չեն նկատում այդ խանգարումների ախտանշանները, որոնք կարող են ունենալ տարբեր դրսևորումներ.
Դող կամ անհանգստություն
Հոգնածության զգացում
Քաշի փոփոխություն
Արտասովոր ցավեր
Դաշտանային ցիկլի խանգարումներ
Փքվածություն ու փորկապություն
Օրգանիզմի արտասովոր արձագանք ջերմաստիճանին
Արտաքինի փոփոխություններ (մազաթափություն ու մազերի բարակում, գունատ մաշկ)
Վահանաձև գեղձի խնդիրների սրումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս՝
Խուսափել սթրեսային իրավիճակներից
Վահանաձև գեղձի գործառույթները կախված են մակերիկամներից, իսկ սթրեսը կարող է վնասել մակերիկամները՝ հանգեցնելով նաև վահանագեղձի աշխատանքի խանգարման:
Ավելի շատ յոդ օգտագործել
Յոդը շատ կարևոր է վահանաձև գեղձի առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը յոդ պարունակող սննդամթերքով, յոդը ընդունել հավելումների տեսքով:
Հրաժարվել գլյուտենից
Վահանաձև գեղձի առողջության բարելավման համար խորհուրդ է տրվում նվազեցնել օգտագործվող լոբազգիների և գլյուտեն պարունակող սննդամթերքի գործածությունը:
Բարձրացնել օրգանիզմում սելենի մակարդակը
Սելենը վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորմանը նպաստող հանքանյութերից մեկն է, ուստի հարկավոր է օգտագործել սելենով հարուստ մթերք: Նման սննդամթերքի շարքին են դասվում բրազիլական ընկույզը, սնկերը, սաղմոնը, տավարի միսը և արևածաղկի սերմերը:
Խուսափել բիսֆենոլ A-ից
Բիսֆենոլ A-ն քիմիական տարր է, որը պարունակում է պլաստիկից պատրաստված շշերում ու սննդի համար նախատեսված տարաներում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խանգարում է հորմոնալ ֆոնն ու ներզատական համակարգի աշխատանքը, ուստի կարող է վնասել վահանագեղձը: Խորհուրդ է տրվում նման տարաների փոխարեն օգտագործել ապակյա կամ մետաղյա տարաներ:
Ածխաջրերի նվազեցում
Ածխաջրերի շատ տեսակներ լի են լինում շաքարներով, որոնք բարձրացնում են էստրոգենի մակարդակը, իսկ այս հորմոնի բարձր մակարդակը կարող է խիստ վնասակար լինել վահանաձև գեղձի համար:
Խուսափել բրոմից ու ֆտորից
Այս քիմիական տարրերը թույլ չեն տալիս, որ օրգանիզմը կլանի յոդը, որը շատ կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի պահպանման համար: Բրոմը հաճախ պարունակվում է բուսայուղերում ու մակարոնեղենում, իսկ ֆտորը՝ ատամի մածուկում, ուստի խորհուրդ է տրվում հնարավորինս նվազեցնել դրանց գործածությունը:
Նշված ախտանշանների կամ դրանցից մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել: Չնայած, որ հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, դրանցից կարելի է հեշտությամբ ազատվել ճիշտ բուժման ու դեղորայքի միջոցով: Հարկ է հիշել, որ վահանաձև գեղձի առողջությունն անչափ կարևոր է, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել դրա աշխատանքի խանգարման մասին վկայող ախտանշանները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։