22/04/2022 19:00
Ինչպիսի՞ ոճ և հագուստ պետք է ընտրի կինը՝ երիտասարդ երևալու համար. խորհուրդներ ոճաբաններից
Կանայք ցանկացած տարիքում ցանկանում են պահպանել գեղեցկությունը և երիտասարդ մնալ։ Հիացական հայացքների արժանանալ, իսկապես, հնարավոր է ցանկացած տարիքում․ հարկավոր է պարզապես ճիշտ նշագծել այն նուրբ սահմանը, որից այն կողմ հասուն տարիքի կինը չպետք է կրկնօրինակի երիտասարդ աղջնակի թեթև ոճն ու ծիծաղելի տեսք ստանա, միևնույն ժամանակ՝ չընտրի այնպիսի հագուստ ու ոճ, որ նմանվի նորաձև տատիկի։
Իրականում շատ մեծ ջանքեր պետք չեն՝ էլեգանտ ու երիտասարդ երևալու համար։ Անձնագրում նշված տարիքը կարող է թաքցնել ու քողարկել «ճիշտ» հագուստը։ Ինչպե՞ս ընտրել այն։ Մի քանի խորամանկություններ ու գաղտնիքներ են բացահայտում ոճաբանները։ Նրանց խորհուրդները կիրառելի են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հատուկ առիթների ժամանակ։
Ջինսե տաբատները վաղուց արդեն տեղ են գտել բոլորիս զգեստապահարաններում։ Միջին տարիքի կանայք, սակայն, ջինսե տաբատ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեն դրա ձևվածքին։ Գոտկատեղից ներքև «ավարտվող» տաբատներից հարկավոր է հրաժարվել ու հիշել՝ գոտկատեղին «նստող» ջինսե տաբատը քողարկում է մարմնի թերությունները և ընդգծում իրանը։ Միևնույն ժամանակ, ջինսե տաբատը չպետք է շատ նեղ ու ձիգ լինի և պինդ «գրկի» ոտքը, չպետք է նաև չափազանց լայն լինի։ Հարկավոր է ընտրել ուղիղ ձևվածքով տաբատներ։
Սպիտակ մարզակոշիկներից չպետք է խուսափել, դրանք իրոք ավելի երիտասարդ տեսք են հաղորդում։ Կարելի է կրել տաբատների, ջինսերի ու նույնիսկ շրջազգեստների հետ։
Սպիտակ վերնաշապիկը կնոջ համար ասես նկարչի մաքուր կտավ լինի, որի վրա կարելի է պատկերել սրտի ուզածը։ Սպիտակ վերնաշապիկի հետ կարելի է կրել ցանկացած ոճի և տիպի զարդ՝ ականջօղեր, վզնոցներ, կախազարդեր։ Ոճը կարելի է հարստացնել նաև լայնեզր գլխարկի օգնությամբ։ Սպիտակ վերնաշապիկի առավելություններից մեկն էլ այն է, որ այն կարելի է կրել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ պաշտոնական հանդիպումների կամ հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Սպիտակ վերնաշապիկ կարելի է հագնել ինչպես տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների հետ։ Այն երբեք չի կորցնում իր ակտուալությունը, միշտ է նորաձև։ Պարզապես կանայք պետք է հիշեն՝ տղամարդկանց համար նախատեսված լայն ձևվածքը նախընտրելի չէ․ ավելի գեղեցիկ ու էլեգանտ երևալու համար իդեալական են դասական ոճի՝ ուղիղ ձևվածքով վերնաշապիկները։
Շատ մեծ դեր են խաղում նաև աքսեսուարները։ Ավելորդ շքեղությունից պետք է խուսափել, կենսունակ է «որքան պարզ՝ այնքան գեղեցիկ» բանաձևը։ Իրականում ավելի լավ է ունենալ 5 գեղեցիկ ու նորաձև բիժուտերիա, քան ազնիվ մետաղից ու թանկարժեք քարերից պատրաստված մեկ հնաոճ զարդ։
Զգեստապահարանում կարելի է բազմապիսի՝ տարբեր որակի ու ոճերի, բրենդային ու ոչ բրենդային հագուստ ու զգեստներ ունենալ, քանի որ էժանագին ցանկացած հագուստի կարելի է շքեղ տեսք հաղորդել՝ ճիշտ ընտրված աքսեսուարի օգնությամբ, բայց պայուսակներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել և խուսափել էժանագին տեսք ունեցողներից։ Մեկ թանկարժեք ու գեղեցիկ պայուսակը կարող է ավելին անել, քան ամբողջ զգեստահարանը՝ միասին։
Հագուստն ընտրելիս պետք է նախապատվություն տալ մեղմ երանգներին՝ կաթնագույն, բեժ, երկնագույն։ Մեղմ, հանգիստ երանգները թարմացնում են կնոջը, ավելի երիտասարդացնում, նրբացնում նրան, իսկ հագեցած մուգ գույները՝ ճիշտ հակառակը․ որրքան էլ զարմանալի թվա, մուգ հագուստն ընդգծում է դեմքի մաշկի թերությունները՝ աչքերի տակի մուգ շրջանակները կամ մաշկի կարմրությունը։
Եվ՝ մեկ այլ խորամանկություն․ միատոն հագուստը տեսողականորեն ավելի «ձգում» է մարմնի ուրվագիծը, կնոջը մի քանի սանտիմետրով ավելի բարձրահասակ, ավելի բարեկազմ դարձնում և վայելչություն հաղորդում նրան։
Ու նաև չպետք է մոռանալ՝ կինը գեղեցիկ է ցանկացած տարիքում, երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ իրեն զգում է այդպիսին․ ամենագեղեցիկ հագուստն ու ամենանորաձև ոճն անգամ ընդամենը լրացնում են նրա գեղեցկությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։