22/04/2022 13:05
ՀՀ գլխավոր դատախազը համաձայն է՝ Արթուր Վանեցյանի, Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցության գաղտնալսումը բացահայտելու հարցում անկարող են եղել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայն է դիտարկմանը, որ ՀՀ իրավապահ համակարգն անկարող եղավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության գաղտնալսումը բացահայտել։
«Կոպիտ է հնչում անկարող, բայց, այո, ցավոք, բոլոր այն քրեական գործերով, որով մենք հանգամանքների լիարժեք բացահայտում չունենք, իրավունք ունեք նման գնահատական տալու», - լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ եթե դեպքը բացահայտված լիներ, հրապարակային այդ մասին կասվեր։
Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը նշել էր՝ հայտնի է պատվիրատուի անունը, գլխավոր դատախազն արձագանքեց. «Դե որ պարզ է, թող ասեն»։
Հիշեցնենք՝ «Youtube»-ում հրապարակվել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։