22/04/2022 15:40
Պատասխանատու կերպով ասում եմ՝ այս ընթացքում ու այս պահին չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ-ին առնչվող մոսկովյան բանակցությունների մասին տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղի նախագահին:
«Այսպես վարվել եմ միշտ ու Արցախի նախագահն էլ այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին. սա շարունակվելու է միշտ», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թե բանակցությունների ամեն փուլից հետո ինքը մանրամասն տեղեկություններ է կիսում հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակաների հետ, մշտապես պատրաստ է եղել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են քննարկումներից:
Վարչապետի համար ընդդիմության այդ քայլը հասկանալի է. նրանք այլազան դավադրությունների տեսության մասին լեգենդներ պետք է ստեղծեն ու դրանք դնեն իրենց գործունեության հիմքում:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ՝ օտարերկրյա ամեն այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ այս ընթացքում ու այս պահին չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի», - հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ նա ընդգծեց, որ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախը այնտեղ ապրող մարդն է:
«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ. Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի ու Արցախի հանձնում, ըստ էության, իրականություն դարձած կլիներ. մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում, իսկ սա, առանց խաղաղության, հնարավոր չէ», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա բացառում է, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում, Արցախի հանրության բոլոր շերտերի հետ, սա, ըստ նրա, երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում: