22/04/2022 09:48
«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը:
2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, և ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, և դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձևավորելու և նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։