22/04/2022 15:21
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն է եղել:
Նա ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:
«Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել, բայց նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունն՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ անվտանգության ապահովման առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան ու անարգել գործունեությունը. «Այս առումով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ներդրումը անուրանալի է, մյուս կողմից, մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»:
Նա ասաց, թե ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից ու հույս ունեն, որ ԼՂ-ում խաղաղապահները կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը: