22/04/2022 16:27
Ապշելու է, որ Ալիևի հայտարարություններից հետո որոշ շրջանակներ դեռ կարծում են, որ հնարավոր է թյուրքական շրջապատի հետ համակեցության հնարավորություն ձեռք բերել. Քաղաքագետ
Aysor.am-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։
- Պարոն Քանանյան, Իլհամ Ալիևն այսօր Շուշիում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը, և հայկական կողմն իր պատասխաններում առանցքային է համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս հակազդեցությունը։
- Ալիևյան վարչակազմը միշտ՝ պատերազմից առաջ և հետո, հետևողականորեն հանդես է գալիս միևնույն բովանդակային պահանջներով և քաղաքականությամբ։ Այդ իմաստով Ադրբեջանի յուրաքանչյուր պահանջ և հավակնություն միանգամայն հստակ է և որևէ այլևայլություն չի պարունակում։
Մենք պետք է հիշենք, որ խոսքը չի վերաբերում միայն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի 5 կետերին։ Իր կառավաման շրջանում Ալիևը նույնքան հստակ կերպով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ ասել է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի մաս, և նա խոստացել է վերականգնել ադրբեջանական ներկայությունը՝ փաստացի կերպով վերացնելով Հայաստանը։
Հետևաբար կարելի է պարզապես ապշել, որ հայ իրականության մեջ կան մի շարք շրջանակներ, որոնք, իրողություններից բոլորովին կտրված, կարծում են, որ պայմանագրեր ստորագրելու միջոցով հնարավոր է թյուրքական շրջապատի հետ որոշակի համակեցության հնարավորություն ձեռք բերել։ Ընդ որում՝ այնպիսի պայմանագրեր, որոնք վերջնականապես իրավազրկում են հայությանը և հանդիսանում են Ցեղասպանության հետևանքների լիակատար և կամովի իրավական ամրագրում։
- Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա իրենք չեն ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա վերջնագի՞ր է, թե հայկական կողմի տրամադրությունները ստուգելու միջոց։
- Իրականում Ալիևը ոչ միայն չի ճանաչում տարածքային որևէ ամբողջականություն, այլև չի ճանաչում ՀՀ անկախ պետականության գոյության իրավունքը, և կրկնում եմ՝ եթե կան պատմությանը ոչ գիտակ և իրականությունից ոչինչ չհասկացող շրջանակներ, որոնք կարծում են, որ հրաժարվելով Ցեղասպանության հետևանքները վերացնելու հրամայականից և մեր ազգայի պահանջատիրությունից՝ հնարավոր է թուրքերից ստանալ գոյությունը քարշ տալու հնարավորություն, ապա նրանք չարաչար սխալվում են։
Ալիևն այստեղ ևս չափազանց շիտակ և առանց որևէ այլևայլությունների մեր առջև է դնում իր նպատակները։ Պարզապես մենք չենք կամենում հաշտվել դաժան իրականության հետ, բայց միայն այդ դեպքում է հնարավոր ազգային և պետական՝ գոնե նվազագույն հնարավորությունը պահպանել։ Եվ այդ ճանապարհը, հաստատ, որևէ կապ չունի թուրքական շրջապատի հետ որևէ իրավազրկող պայմանգիր ստորագրելու հետ։
- Պարոն Քանանյան, ԵԱՀԿ Մնիսկի խմբի մասին խոսելիս էլ Ալիևը նշել է, որ այդ կառույցը 2022 թվականին նշելու է իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի անցնի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԽ ձևաչափի մասին Ադրբեջանի նախագահի այս դիտարկումը։
- Սա Ալիևի և Էրդողանի երազանքն է։ Էրդողանն ու Ալիևն են պայմանավորվել շրջանցել Մինսկի խումբը և 2020 թվականին պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ։ Նրանք մեծամասամբ հաջողեցրել են գործնականում շրջանցել Մինսկի խումբը՝ ՀՀ կատարալեապես ապիկար և գործնականում դավաճան իշխանությունների հանցակցությամբ։
Բայց ես չեմ կարծում, որ ՄԽ համանխագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պատրաստ են դուրս մղվել տարածաշրջանային խնդիրներից և անպատասխան թողնել ապտակը, որը նրանց հասցվել է՝ փաստացի վտարելով տարածաշրջանից։
ՀՀ կառավարության կրավորականությունն այստեղ էական դեր չի խաղում, և որքան էլ Հայաստանը ցանկանա հաշտվել իր՝ ապագա չունեցող և թշվառ գոյության հետ, այնուամենայնիվ այդ երկու երկրները չեն հանդուրժի իրենց շահերի ոտնահարումը, և Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան ինչ-որ մեխանիզմներ կգտնեն՝ ստանալու իրենց ոտնահարված հեղինակության պատասխանը։