22/04/2022 18:52
«Դա պատերազմին մեր մասնակցության գինն է»․ Լեհաստանում քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու հնարավորությունը
Լեհաստանը դիտարկում է նավթի մատակարարումների մասին Ռուսաստանի հետ նախկինում կնքած պայմանագրերը խզելու հնարավորությունը, Wnet ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։
Հարցին՝ նախատեսու՞մ է արդյոք Լեհաստանը չեղարկել Ռուսաստանից նավթի ներկրման պայմանագրերը, վերջինս պատասխանել է՝ այդպիսի ծրագրեր կան։
«Այդպիսի մտադրություն կա, նավթային պայմանագրերը չեղարկելու տարբերակն իրատեսական է։ Նավթ արդյունահանող յուրաքանչյուր այլ երկիր կարող է Լեհաստանի համար մատակարարումների աղբյուր դառնալ»,- ասել է նա։
Նաիմսկու խոսքով՝ ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյի դեպքում լեհական նավթավերամշակող գործարանները 100 տոկոսով անցում կկատարեն այլ երկրներից մատակարարվող նավթին, թեպետ դա ավելի թանկ կարժենա։
«Այդ գինը ստիպված կլինենք վճարել․ դա է պատերազմին մեր մասնակցության գինը»,- ասել է Նաիմսկին։