22/04/2022 15:53
Ուժերը, որոնք ուզում են՝ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, նրանք հանձնել և հանձնում են Արցախն ու ՀՀ-ն. թույլ չենք տալու. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարությանը հաջորդած շահարկումների մասին:
Նա ասաց, թե ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջակությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով:
«Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ նշաձողը իջեցնելու հորդոր էր նաև ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը, 1999 թվականի ընդհանուր պետության գաղափարը, 2001 թվականի քիվեստյան գործընթացը, 2007 թվականի մադրիդյան սկզբունքները:
«Նշաձողը իջեցնելու ուղիղ ու անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած փաստաթղթերն ու այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ իրենց մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ, որ արցախցին ապրի Արցախում ու ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի ու հայ:
«ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար ու չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառ է ու այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու ու Արցախը հայաթափվելու է, նրանք հանձնել են, հանձնում են ու ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը. մենք դա թույլ չենք տա անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն. Խաղաղության օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արցախի ապագան», - հայտարարեց նա: